Որտեղ է խորհրդարանական ընդդիմությունը
24.01.2020 | 04:41
Այն, որ իշխանությունը հասարակությունից կտրվում է, տեսել ենք ու հիմա էլ նորերն այդ ճանապարհին են, բայց որ ընդդիմությունն է այդ կարգավիճակում հայտնվել, պարզապես անհասկանալի է։ Ինչո՞վ է զբաղված այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը, ԱԺ պատերից դուրս գիտի՞ ինչ է կատարվում, ու՞ր են այդ ընդդիմադիրները, երբ փողոցում տարբեր խնդիրներով բողոքող մարդիկ են, որտե՞ղ են նրանց մարզերից ընտրված պատգամավորները, երբ այս կամ այն հարցով բնակիչները ճանապարհ ու մայրուղի են փակում։ Իսկ ո՞վ է գնալու նրանց լսելու, խնդիրները հավաքելու ու կառավարությանը պատին դեմ տալու։ Իրենց տաքուկ աշխատասենյակներում նստած, լրատվամիջոցների մատուցած տեղեկություններով ծաղկաքաղ արած ու այսրոպեական իրենց շահերին հարմարեցրած հարցերն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի օրը հնչեցնե՞լն է միայն ընդդիմության առաքելությունը։ Բայց խորհրդարանից դուրս էլ կյանք կա։ Իրական կյանք։
Սպանդանոցների խնդիրը, որ օրեր շարունակ ալեկոծում է անասնաբույծներին ու անասնապահներին, ծննդատների լուծարման հարցը և համապատասխան համայնքների կոլեկտիվների բողոքի գործողությունները կարծես խորհրդարանական ընդդիմությանը քիչ են հետաքրքրում։ Նրանք այդ ամենին անմասն են ու անհաղորդ։ Խոսքն ամենևին էլ ԱԺ դահլիճում երկու-երեք կցկտուր խոսքեր հնչեցնելու, այդ որոշումների ճիշտ կամ սխալ լինելու մասին չէ։ Հարցն այն է, որ ընդդիմությունն իր պատգամավորներով (առնվազն մարզերը ներկայացնող) պետք է գնար այդ մարդկանց մոտ, լսեր նրանց գանգատները, հարցին խորամուխ լիներ, գտներ այն բոլոր սողանցքերը, որոնք բարդացնում են առանց այդ էլ դժվար կացության մեջ հայտնված մարզաբնակների կյանքը, հարցերը բարձրաձայներ բոլոր հնարավոր ձևերով։ Ի վերջո, լիներ միջնորդ իշխանության և ժողովրդի միջև, ինչին նրանք իրավամբ կոչված են։ Այսինքն, ընդդիմությունն այնտեղ է, որտեղ ժողովուրդը։ Բա էլ ո՞րն է ժողովրդից մանդատ ստացած ընդդիմադիր ուժի, պատգամավորի գործունեությունը, ո՞վ է ասել, որ իշխանության հետ շրիշակի մակարդակի իջեցված բանավեճն է նրանց հիմնական առաքելությունը։
Լավ, անասնաբույծների խնդիրները մտահոգիչ չեք համարում, իսկ ծննդատների լուծարու՞մը։ Հո ֆեյսբուքում ճոռոմ, սրտաճմլիկ տեքստեր գրելով, իշխանությանը դատափետելով չէ՞։ Խոսքը ծնունդի մասին է, ժողովրդագրական այն անմխիթար վիճակի, ինչին դուք ձեր ելույթներում անընդհատ անդրադառնում եք։ Հիմա կոնկրետ առիթ է ստեղծվել, ի՞նչ եք անում դուք, որ նույնիսկ 100 ծնունդ ունեցող ծննդատունը չլուծարվի։ Ո՞վ է խորհրդարանական ընդդիմությունից գնացել այդ համայնքներ ու խոսել բուժաշխատողների, համայնքի բնակիչների հետ, թե՞ էլի հույսը լրատվամիջոցներն են, ինչ կասեն ու ում բողոքի ձայնը ձեզ կհասցնեն։ Ստացվում է, որ խորհրդարանական ընդդիմությունն էլ ազնիվ չէ իր խոստումների, իր գործառույթների մեջ։ Իսկ խորհրդարանը վերածվել է մի թատերաբեմի, որտեղ այսպիսի դերաբաժանում են արել՝ «ժողովրդի» իշխանություն, որն այդպես էլ չգիտակցեց, թե Հայաստանի քաղաքացին ինչ մեծ վստահության կապիտալ էր իրեն տվել, ու դա ինչ հրաշքներ կարող էր գործել, և չկայացած մեծամասնությանը ոչ մի կերպ ընդդիմություն չդարձած երկու ուժեր։ Երկուսի պարագայում էլ մսխվում է հանրային վստահությունը։ Եվ թող ոչ մեկը չարդարանա, թե ինքը մյուսից ավելի լավն է կամ ավելի «նոր»։ Բոլորն էլ նույն սանրի կտավ են։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ